Рубрика: Մայրենի

Բառարանի տեղեկություն


Բառարան (Բառգիրք, Բառագիրք), որոշակի (հիմնականում այբենական) կարգով դասավորված բառերի ամբողջություն, համակարգում՝ հանդերձ բացառություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և կամ այլ տեղեկություններով՝ դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածները,կայուն  բառակապակտություներ, քերականական ձևերը, ձևություները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը (բառամթերքը), կառուցվածքը, նպատակադրումը։

  • Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
  • Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով[1]:
  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
  • Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը,կբառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
  • Ըստ բառապաշային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։
  • Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։
  • Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։

Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաներ։

Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։

Оставьте комментарий