Рубрика: Կենսաբանություն 8

Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:

Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:

Image_539.jpg

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

Երկարավուն ուղեղը 

medulla-oblongata.jpg

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Оставьте комментарий